Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2009

Ինչ են անում օձերը ձմռանը

Ինչ են անում օձերը ձմռանը

Հավանաբար դժվար է նշել կենդանիների մի այնպիսի խումբ, որը առաջացնի այնպիսի զգուշավորություն ու զգաստացնող հետաքրքրություն և վախի զգացում, ինչպիսին օձերն են: Մարդիկ նրանց վերագրել են ամեն տեսակի անհեթեթ ֆանտաստիկ կարողություններ:

 

Օձերի հետ կապված նախապաշարումները այնքան հին ու խորն են, որ մինչև այժմ էլ կարելի է լսել բազմաթիվ հեքիաթներ, ավանդույթներ, պատմություններ հիպնոսի, վրեժխնդրության, տարածության վրա զոհին սպանելու նրանց անհավանական հատկանիշների մասին: Ցավոք սրտի, շատերը չունեն համապատասխան գիտելիքներ օձերի վարքի և կենսաձևի մասին: Օձերի հետ պատահաբար հանդիպելիս մարդը յուրովի և մեծ մասամբ աղավաղված ձևով է նկարագրում դեպքը, չափազանցնում սպառնացող վտանգը: Նման վախ ապրած մարդու համար դժվար է կողմնորոշվել և լրջորեն գնահատել տվյալ իրավիճակը: Վախի այդ զգացումները մարդն ինքն է իրեն ներշնչում և, հանդիպելով օձի, հեռանալու փոխարեն քարանում է տեղում:

 

Կան կենդանիներ, որոնց մարմնի հաստատուն ջերմաստիճանը կարգավորվում է իրենց ներքին ֆիզիոլոգիական մեխանիզմների շնորհիվ: Դրանք թռչուններն ու կաթնասուններն են: 

 

Կարգաբանական տեսակետից օձերը մտնում են սողունների դասի թեփուկավորների կարգի առանձին ենթակարգի մեջ: Նրանք, ինչպես բոլոր սողունները, նույնպես ոչ հաստատուն ջերմաստիճանով կենդանիներ են, այսինքն` նրանց մարմնի ջերմաստիճանը կապված է շրջակա միջավայրի ջերմաստիճանի, որն էլ իր հերթին` նյութափոխանակության ցածր մակարդակի հետ:

 

Երկրագնդի տարբեր գոտիներում շրջակա միջավայրի ջերմաստիճանը տատանվում է ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ տարվա եղանակների հետ պայմանավորված: Բարձր լայնություններում տարվա միջին ջերմաստիճանի տատանումներն ավելի մեծ են, քան հասարակածում: Դրա հետ կապված, դեպի բևեռներ սողունների տեսակների քանակը պակասում է: Օրինակ, Միջին Ասիայում բնակվում են 65, Հայաստանում 52, Եվրոպայի միջին մասում` 15 տեսակի սողուններ, իսկ Հյուսիսային բևեռի շրջանի մոտ` ընդհամենը 2: Սողունները ակտիվ են որոշակի ջերմաստիճանի պայմաններում, որը տարբեր տեսակների համար կարող է տատանվել 12-45 աստիճանի սահմաններում: 

 

Նույնիսկ բարեխառն լայնություններում օրվա ընթացքում հողի մակերեսի ջերմաստիճանը կարող է օպտիմալից շատ բարձր լինել և հասնել 600-C-ի: Հնարավոր է, որ նման պայմաններում բոլոր սողունները մի քանի րոպեի ընթացքում սատկեն գերտաքացումից, սակայն օրվա ընթացքում տեղաշարժվելով` նրանք ընտրում են այնպիսի տեղամասեր, որտեղ ջերմաստիճանը կոնկրետ այդ ժամանակահատվածում ավելի մոտ է օպտիմալին:

 

Արևադարձային գոտում չկա ակտիվության և հանգստի ժամանակահատվածի սեզոնային որոշակի հերթափոխում: Սա թույլ է արտահայտվում մերձարևադարձային գոտում և հստակ գոյություն ունի բարեխառն լայնություններում, որտեղ սողուններն անցնում են ձմեռային քնի:

 

Սողունների, այդ թվում նաև օձերի ձմեռային քնի տևողությունը կապված է տվյալ տեսակի ցրտադիմացկունության և կոնկրետ տարածման վայրի բարձրության ու կլիմայական պայմանների հետ: 

 

Օձերը ձմեռում են ամենատարբեր բնույթի ապաստարաններում, մեծ մասը` կրծողների բներում, ժայռերի ճեղքերում, քարանձավներում, քանդված շինություններում և այլն, որոնք որոշակի միկրոկլիմայակամ պայմաններ ունեն (համապատասխան խորություն ու տարածություն) և որտեղ ձմռան ընթացքում ջերմաստիճանը 8-100C-ից չի իջնում: 

 

Ջերմակարգավորումը հաճախ ապահովվում է ոչ միայն ֆիզիոլոգիական մեխանիզմներով, այլև վարքագծի ռեակցիաներով, ինչը հատուկ է պոյկիլոթերմ (կայուն ջերմաստիճան չունեցող) կենդանիներին: Փորձերը ցույց են տալիս, որ օձերը ձմեռանոցներում կարող են շարժվել ուղղահայաց դիրքով, ընտրելով ձմեռման համար համապատասխան ջերմաստիճան: Նրանք ձմեռման են անցնում միայնակ կամ փոքր ու մեծ խմբերով, որոնց թիվը մեկ ձմեռանոցում կարող է հասնել մինչև 50 առանձնյակի:

 

Հայաստանում տարածված 4 տեսակի թունավոր օձերի բարձունքա-գոտիական տեղաբաշխման և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ կապված` կարելի է դիտարկել նրանց սեզոնային ակտիվությունը, այդ թվում` աշնանը ձմեռման անցնելու և գարնանը ձմեռանոցներից դուրս գալու ժամկետները:

 

Լեռնատափաստանային կամ հայկական տափաստանային իժ - Vipera eriwanensis


Փոքր չափեր ունեցող օձ է, երկարությունը չի անցնում 70սմ- ից, տարածված է Հայաստանի կենտրոնական ու հյուսիսային լեռնային տափաստաններում և բարձրադիր լեռնային մարգագետիններում` 1200-3000մ բարձրության վրա:

 

Գարնանը իժերն իրենց ձմեռային ապաստարաններից` կրծողների բներից, գետնի ու ժայռերի ճեղքերից դուրս են գալիս ապրիլի կեսերից, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 6-80C-ի: Մինչև հուլիս-օգոստոս ակտիվ են գրեթե ամբողջ ցերեկը, իսկ շոգ ամիսներին հանդիպում են առավոտյան և երեկոյան ժամերին` կեսօրին թաքնվելով քարերի տակ կամ կրծողների բնանցքներում: Ձմեռման են գնում սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբներին:

 

Դարևսկու իժ - V. darevsk

 

Երկարությունը հասնում է 50 սմ-ի, տարածված է միայն Աշոցքի տարածաշրջանում` 2000-3000մ բարձրության վրա, ապրում են հարթ սալաքարերի տակ, որտեղ էլ հետագայում ձմեռում են: Նույնիսկ նույն լանջի վրա, տարբեր քարակույտերում ձմեռումից դուրս գալու ժամկետները տարբեր են` կապված ձյան հալման հետ: Ակտիվ են մայիսի սկզբներից մինչև սեպտեմբերի վերջը:

 

Հայկական իժ - V. raddei

 

Երկարությունը հասնում է 115սմ-ի, ապրում է լեռների ու կիրճերի քարքարոտ, զառիթափ լանջերին, նոսր կաղնուտում և լեռնային տափաստաններում, հանդիպում է միայն Հայաստանի և Նախիջևանի բարձրադիր լեռնային շրջաններում` 1300-1800մ բարձրության վրա:

 

Ձմեռային ապաստարաններից նրանք դուրս են գալիս ապրիլի կեսերից` օդի ջերմաստիճանի 16-170C-ի դեպքում: Գարնանը տասնյակներով հավաքվում են իրենց ձմեռանոցների մոտ: Մինչև հունիսի կեսերը մնում են ձմեռման վայրերում` քարափների, ժայռերի, փոքրիկ քարանձավների, ծառերի արմատամերձ դատարկությունների մոտ, այնուհետև տարածվում են շրջակա միջավայրում: Շոգ ամիսներին հանդիպում են առավոտյան և երեկոյան ժամերին, սեպտեմբեր-հոկտեմբերին նորից են հավաքվում ձմեռանոցների մոտակայքում:

 

Անդրկովկասյան գյուրզա - V. lebetina  

 

Երկարությունը բացառիկ դեպքերում կարող է հասնել մինչև 2 մետրի, իսկ սովորաբար հանդիպում են 130-140սմ երկարությամբ առանձնյակներ: 

 

Գյուրզան ունի առավել լայն տարածում: Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտում և նրա նախալեռնային շրջաններում, իսկ հյուսիսում` Քուռ գետի հովտում: Հիմնականում բնակվում է ցածրադիր վայրերում, սակայն երբեմն կարող է բարձրանալ մինչև 2000մ բարձրության վրա: Ապրում է լեռների և ձորերի քարքարոտ լանջերին, չի խուսափում նաև մարդաբնակ վայրերից և բնակություն է հաստատում քանդված շինություններում, անասնապահական համալիրների մոտ, գոմերում, բնակելի շենքերի նկուղներում: Որպես ապաստարաններ օգտագործում է տարբեր ողնաշարավորների գետնափոր բները, ժայռերի, քարակույտերի, քանդված պատերի ճեղքերը և քարանձավները:

 

Ձմեռային ապաստարաններից օձերը դուրս են գալիս մարտի սկզբներին և առաջին 2-3 շաբաթը խմբերով հանդիպում ձմեռանոցներից ոչ հեռու: Գարնանը ակտիվ են գրեթե ամբողջ ցերեկը և հաճախ նրանց կարելի է հանդիպել քարերի վրա տաքանալիս: Ամռան շոգ ամիսներին թաքստոցներից դուրս են գալիս վաղ առավոտյան և գիշերվա ժամերին: Այդ ժամանակահատվածում նախապատվությունը տալիս են խոնավ և ստվերոտ վայրերին ու հանդիպում են գետերի ափերին, աղբյուրների մոտ, երբեմն էլ բարձրանում են ծառերի վրա: Սեպտեմբերի երկրորդ կեսից անցնում են ցերեկային կենսաձևի և հավաքվում ձմեռանոցների շրջակայքում: Ձմեռման են անցնում նոյեմբերի սկզբներից: 

 

Հատկապես պետք է զգույշ լինել գարնան և աշնան ամիսներին, որովհետև կծելու դեպքերը հիմնականում տեղի են ունենում այդ ժամանակաշրջանում:

Հեղինակ. Լևոն Աղասյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ